ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը պետք է որոշի Գերագույն դատարանը: Այս մասին նա գրել է Twitter— ում:

Գործող նախագահը պնդում է, որ ընտրություններիի ժամանակ դիտորդներին թույլ չեն տվել կատարել իրենց գործը, ուստի այդ ժամանակ ընդունված ձայները պետք է անօրինական ճանաչվեն:

«Ես հեշտությամբ հաղթում եմ ԱՄՆ նախագահի ընտրություններում օրինական ձայներով: Դիտորդներին որևէ կերպ թույլ չեն տվել իրենց գործն անել, ուստի՝ այս ընթացքում ստացված քվեները պետք է ապօրինի համարվեն: ԱՄՆ գերագույն դատարանը պետք է որոշի», — գրել է նա:

Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ կոչ էր արել դադարեցնել ձայների հաշվարկը, իսկ ընտրությունների օրվանից հետո փոստով ստացված քվեաթերթիկներն անվանել էր անօրինական: Նրա կարծիքով, առանցքային նահանգներում իր մրցակից  Ջո Բայդենի դիրքերի բարելավումը պատահական չէր. «Այս կերպ դեմոկրատները փորձում են «գողանալ ընտրությունները»,- վստահ է նախագահը:

Թրամփի թիմն ու անձամբ նախագահը մի քանի նահանգներում պահանջում են թույլ տալ հանրապետական դիտորդներին հետևել ձայների հաշվարկին, իսկ Վիսկոնսինում, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1%-ից ցածր է, վերահաշվարկ կատարել:

Միևնույն ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշում է, որ ընտրություններում զգալի խախտումներ չեն եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։