Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT) աշխատանքից հեռացրել է նախօրեին համացանցում լայն տարածում ստացած «Ադրբեջանը հարձակվել է խաղաղ բնակչության վրա» գլխագիր պատրաստած աշխատակցին։ Այս մասին գրված է հեռուստաընկերության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ընկերության խմբագիր Մեհմեդ Քարաջան ստիպված է եղել նաև ներողություն խնդրել՝ ասելով․ «Այս իմ անփույթ քայլով դժվար դրության մեջ եմ դրել իմ հեռուստաընկերությանը և դրա համար ներողություն եմ խնդրում հանրությունից»։

TRT ընկերությունը, նոյեմբերի 5-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի ուղիղ եթերով լուսաբանման ժամանակ ներկայացրել էր «Ադրբեջանը հարձակվում է խաղաղ բնակչության վրա» գլխագիրը, որն, ըստ էության, սխալ չի պարունակում։ Այս դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։ Թուրք օգտատերերը այս ամենը համարել էին հեռուստաընկերության կողմից հերթական «խայտառակություն»։