Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով երկրի 8 նախարարի: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել սիրիական ռեժիմի 8 անդամի ներառել անձանց ցուցակում, որոնք հայտնվել են ԵՄ սահմանափակումների տակ»,-ասվում է հայտարարության մեջ:

Այդպիսով, Խորհուրդը նշում է, որ Սիրիայի մասով սեւ ցուցակում ներառված է 288 մարդ եւ 70 կազմակերպություն: Արգելված է նրանց մուտքը ԵՄ, ինչպես նաեւ նրանց ակտիվները ենթակա են սառեցման: Պատժամիջոցները ներառում են նաեւ նավթի ներմուծման արգելք, ներդրումների սահմանափակում, Սիրիայի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, սարքավորումների եւ տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել ներքին ճնշումների համար, ինչպես նաեւ համացանցային կամ հեռախոսային կապի համար տեխնոլոգիաների եւ սարքավորումների արտահանման սահմանափակում:

Խորհուրդը հիշեցնում է, որ այժմ Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները սահմանվել էին 2011 թվականին Սիրիայի քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան ճնշումների համար: «Դրանք նաեւ ուղղված են ընկերությունների եւ առաջատար գործարարների դեմ, որոնք շահ են ստանում ռեժիմի եւ ռազմական տնտեսության հետ իրենց կապերից: Խորհուրդը մշտապես հետեւում է սիրիական կոնֆլիկտի իրադարձություններին: Պատժամիջոցների երկարաձգման մասին ցանկացած որոշում Խորհուրդը պետք է ընդունի ամենամյա հիմքով»,-ասվում է հայտարարության մեջ: