Եվրամիությունը պաշտոնապես պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ասված է ԵՄ հրապարակած փաստաթղթում:

Եվրամիությունը համարում է, որ Բելառուսի առաջնորդը պատասխանատու է ընդդիմադիր նախագահի թեկնածուների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումների, ինչպես նաեւ լրագրողներին վախեցնելու համար:

Բելառուսի ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին քաղաքական որոշումը ԵՄ-ն ընդունել է դեռեւս հոկտեմբերի 12-ին: Այդ օրվանից աշխատանք էր տարվում նոր սեւ ցուցակը կազմելու եւ համաձայնեցնելու շուրջ:

Բացի Լուկաշենկոյից, այդ ցանկում ընդգրկվել է եւս 14 բելառուսցի պաշտոնյա: Նրանցից են, մասնավորապես, երկրի ղեկավարի ավագ որդի Վիկտոր Լուկաշենկոն: Ցուցակում բոլոր ներառվածներին կարգելվեն ուղեւորությունները դեպի ԵՄ, ինչպես նաեւ կսառեցվեն նրանց ակտիվները միության տարածքում:

Դա ԵՄ կողմից Բելառուսի նկատմամբ անհատական պատժամիջոցների արդեն երկրորդ փաթեթն է: Առաջինն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 2-ին, երբ ցուցակում ներառվել էր 40 մարդ, որոնք ներքաշված էին, ըստ Բրյուսելի, բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնության եւ քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Այդ ցանկում Լուկաշենկոն չէր ընդգրկվել, քանի որ Եվրամիությունում հույս էին հայտնել, որ Բելառուսի իշխանությունները կարձագանքեն կոչերին եւ սկսեն կառուցողական երկխոսություն Բելառուսի ընդդիմության հետ: