Գալիք տարվա բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսված է հատկացնել 8 միլիարդ 840 միլիոն դրամ, բյուջե 2021-ի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Նա հավելեց, որ հաջորդ տարի գերատեսչությունը նախատեսում է հատկացվող գումարների շրջանակում իրականացնել 6 ծրագիր և 25 միջոցառում:

Անդրադառնալով դրանցից մեկին՝ Սևանա լճի խնդիրներին, բանախոսը շեշտեց՝ լճի մակարդակի բարձրացման հարցն ամրագրված է մի շարք օրենքերով, և դա որդեգրված քաղաքականություն է:

«Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է ջրի ամենաքիչ բացթողումներն ունենալ: Մենք, այսպիսով, լուծում ենք ջրային ռեսուրսների պատշաճ կառավարման խնդիրը: Ինչ վերաբերում է անտառտնկարկների մաքրման հարցին, ապա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս ուղղությամբ պետք է մեծ աշխատանք իրականացվի:

Խնդիր է նաև Սևանա լճի ափի ենթակառուցվածքների հարցը: Որոշ հատվածներում մի քանի մետր է մնում, որ դրանք մոտենան մայրուղուն», — ասաց նա: