ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ուրբաթ օրը կարող է հայտարարել նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին: The Washington Post պարբերականի աղբյուրների համաձայն՝ այդ կապակցությամբ ԱՄՆ գաղտնի ծառայությունն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, որտեղ նախատեսված է Բայդենի ելույթը:

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ նախընտրական քարոզչության ներկայացուցիչները հատուկ ծառայությանը տեղեկացրել են Բայդենի կողմից Ուիլմինգտոնի հանդիսությունների սրահը, որտեղ նա արդեն ելույթ էր ունեցել, շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ օգտագործելու մասին, և ասել են, որ հնարավոր է, ուրբաթ օրը նա այնտեղ կարևոր հայտարարություն անի:

Այս կապակցությամբ Գաղտնի ծառայությունն այնտեղ է ուղարկել իր գործակալների ջոկատը:

ԱՄՆ գաղտնի ծառայության հիմնական խնդիրներից մեկը նախագահին և փոխնախագահին, ինչպես նաև այդ պաշտոնների թեկնածուներին պաշտպանելն է:

Ավելի վաղ, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Փրամփը հայտարարել է, որ միայն «օրինական ձայները» հաշվարկելու պարագայում ինքը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում:

«Օրինական ձայները հաշվելու պարագայում ես հեշտությամբ հաղթում եմ»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ձայների հաշվարկի գործընթացը` հայտարարելով, որ դրա ընթացքում շարունակվում են «խարդախությունները»:

«Սա այն դեպքն է, երբ նրանք փորձում են գողանալ ընտրությունը: Նրանք փորձում են խարդախություն անել, և մենք չենք կարող դա թույլ տալ»,-հավելել է Սպօտակ տան ղեկավարը:

Թրամփը ենթադրել է, որ ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ ըստ նախնական կանխատեսումների՝ պիտի հաղթեր դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփի խոսքով՝ դա հատուկ է արվել քվեարկողներին հօգուտ դեմոկրատ թեկնածուի ճնշելու նպատակով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։ Բացի այդ, Բայդենը Թրամփին առայժմ գերազանցում է քաղաքացիներից ստացած ձայների քանակով:

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։