Ժպիտը դեմքին, բարի ու նպատակասլաց։ Ադրբեջանական ագրեասիան հետ մղելու հետեւանքով զոհված զինծառայող 20-ամյա Լեւոն Լեւոնյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր։ Ծնվել է իրավաբանի ընտանիքում։ Հայրը փաստաբան է, հորեղբայրը՝ քննիչ։ Լեւոնն էլ կարգուկանոնի, հավասարության կողմնակիցն էր։Հենց այս ամենով էլ պայմանավորված ընդունվել էր ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետը, չորրորդ կուրսի ուսանող էր։

Հասակակիցներից մի փոքր ուշ է մեկնել ծառայության, պատճառն՝ առողջական էր։ Irakanum.am-ի հետ զրույցում նշում է հորեղբայրը՝ Արթուր Լեւոնյանը։ «Լեւոնը 1.5 տարի առաջ պետք է գնար, բայց սրտի խնդիր ուներ։ Սկզբում վեց ամիս տարեկետում տվեցին, հետո՝ մեկ տարի, ու այս տարի օգոստոսին հերթական բուժզննման ժամանակ ասեցին պիտանի է ծառայության»,- պատմեց հորեղբայրը։ Պաշտպանական գերատեսչության որոշումը չեն էլ քննարկել, Լեւոնը՝ հայրենիքի պաշտպանը պետք է դառնա։


«Շատ համեստ, խելացի։ Ինքը շատ չէր սիրում խոսել, փոխարենը լսել կարող էր։ Սեփական տանն էր ապրում, այգին էր իր ձեռքերով մշակում, ակվարիում ուներ, կգնար հատուկ կերեր կբերեր ձկների համար։ Ասում էր հոպար ավարտելուց հետո զինվորական- քննչականում կանցնեմ աշխատանքի »,- պատմեց Արթուր Լեւոնյանը։


Օգոստոսի 19-ին Լեւոնը մեկնում է ծառայության։ Վիճակահանությամբ Մարտունու N զորամասում էր անցնելու ծառայության։ Պայմանավորված կորոնաիրավիճակով նորակոչիկները պետք է քսան օր կարանտինում լինեին՝ զորամասի ներսում։ «Այդ ընթացքում ասում էր, եթե սենց է անցնելու ծառայությունը կարելի է երեք տարի ծառայել։ Կազարմայից դուրս չեն գալիս, ուտելիքը այդտեղ էին ստանում»,- ասաց հորեղբայրը։ Սեպտեմբերի 16-ին կարանտինն ավարտվում է, Լեւոնին ծառայակից ընկերների հետ տեղափոխում են Մարտունու N զորամաս։ 11 օր անց՝ սեպտեմբերի 27-ին թշնամին պատերազմ է հրահրում։ Ինչպես մյուս զինվորները Լևոնը ևս չնայած այն հանգամանքին, որ նորակոչիկ է ձեռքն է վերցնում զենքը։ Այդ ընթացքում հարազատների հետ խոսել է, մշտապես ընդգծելով ապահով վայրում են։ Հորեղբայրն ասում է ընդհանուր առմամբ իրավիճակը ճիշտ գնահատելով շատ հարցեր իրենք ևս չէին տալիս, Լևոնն էլ բնավորությանը համաձայն կարճ էր խոսում, նախ, որ ընտանիքի անդամները չանհանգստանան և հետո վստահ էր իր և ընկերների ուժին։ «Օր էլ լինում էր արկերի պայթյունի ձայն էր լսվում, հայրն ասում էր՝ բալես էս ինչ ձայներ են, ասում էր հեռու է․․Դա իր բնավորությունն էր, ես, որ իր հետ մեկ րոպե խոսեի կհասկանայի իրա տրամադրությունը ոնց է, ինքը խափել չուներ, կարող էր կմկմալ, հենց մի քիչ կմկմում էր, հասկանում էինք․․․»,- ասաց Արթուր Լեւոնյանը։


Ամառային արձակուրդներին Լեւոնը նաեւ աշխատում էր։ Ուսման վարձը բավականին մեծ էր, ընտանիքին նեղություն շատ տալ չէր ցանկանում։ «Շատ հանգիստ բնավորություն ուներ, երբեք հայհոյանք չէր անում»։


Լեւոն Լեւոնյանը զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Դեպքից առաջ նույն օրը՝ ժամը 16:40 Լեւոնը զրուցել է հոր հետ։ «Այդ պահին էլ, որ հայրը խոսել է, լսել է, որ ասել են տղեք արագացրեք, արագացրեք շարժվում ենք։ Ասել է պապ ջան լավ գնում եմ, տղեքը կանչում են․․․ զանգից երկու ժամ հետո զոհվել է Կարմիր Շուկայի հատվածում»,- նշեց հորեղբայրը։ Լեւոնի հրամանատարն էլ արմատներով Գեղարքունիքի մարզից է։ Այդ ժամանակ փորձել է օգնել զինվորներին։ Թշնամու անօդաչու թռչող սարքը հարվածել է նրանց։ Չորս հոգով են եղել, ցավոք երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում է եղել նաեւ 20-ամյա Լեւոնը։

Փայլակ Ֆահրադյան