ԱՄՆ փոստային ծառայությունը երեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չի կարողացել նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործված ավելի քան 150 000 քվեաթերթիկ տեղ հասցնել նախագահական ընտրությունների օրվա համար, գրում է Washington Post— ը ՝ հղում տալով  կառույցի ներկայացրած տվյալներին:

Պարբերականը տեղեկացնում է, որ փոստային ծառայությունը այդ տեղեկությունը տվել է նոյեմբերի 5-ին` դատարան ներկայացրած փաստաթղթերում:

Սպասվում է, որ ուշացված քվեաթերթիկների թիվը կավելանա` նոր տվյալների շարունակական հոսքի ֆոնին:

Փոստային ծառայության ներկայացուցիչ Դեվիդ Պարտենհայմերը նշում է, որ 150 000 ուշացած քվեաթերթիկների մեծ մասը այն նահանգներից են, որոնք ընդունում են դրանք նույնիսկ ընտրությունների օրվանից հետո: Այնուամենայնիվ, Արիզոնա և Ջորջիա նահանգներում ուշացման պատճառով չեղյալ է հայտարարվել ավելի քան 800 փոստային քվեարկություն:

Մի շարք նահանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կարոլինան և Փենսիլվանիան, շարունակում են ընդունել փոստով ուղարկված քվեաթերթիկներն ընտրությունների օրվանից հետո, այստեղ կարևորն այն է, որ փոստային նամականիշը թվագրված լինի մինչ նոյեմբերի 3-ը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հաղթողը դեռ հայտնի չէ,  ձայների հաշվարկը շարունակվում է:

Այս տարի քաղաքացիների մի մասը քվեարկել է փոստի միջոցով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։