Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը հայտնում է, որ ֆրանսիական Beringer Aero ընկերությունը, որի արտադրած հերմետիկ տարաները՝ նախատեսված ինքնաթիռների համար, հայտնաբերվել էին հայերի դեմ կիրառված թուրքական «Բայրաքթար» խոցված անօդաչուում, հաստատել է այդ փաստը:

«Մեր արտադրանքը սխալ նպատակով է օգտագործվել, և մենք արդեն դադարեցրել ենք մատակարարումները: Այդ ապրանքներն արտադրվել և վաճառվել են Beringer Aero France-ի կողմից, ամերիկյան մասնաճյուղը ներգրավված չի եղել»,- ասվում է ընկերության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։