2020-21 թվականների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնական գերակա ուղղությունները հետևյալն են՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների՝ տնտեսական և ենթակառուցվածքների զարգացման աջակցություն, հայապահպանություն և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում, ԱԺ-ում ներկայացնելով նախարարության բյուջեն՝ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնակացանյանը։

«Բնականաբար, սրանք լինելու են գերակա ուղղություններ 2021 թվականի համար։ Մենք նպատակ ունենք ընլայնելու մեր ներկայացուցչությունը աշխարհի տարբեր կետերում։ Նախատեսում ենք բյուջեի լրացուցիչ հատկացում», — ասաց Մնացականյանը։

Նախարարի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական ծախսերը պետք է իրականացնել բացառապես պետական բյուջեի միջոցներով՝ նվազեցնելով կամ բացառելով տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են։

«2020 թվականը մեզ համար չափազանց լարված և ծանրաբեռնված տարի էր, տարվա սկզբից, փաստորեն, աշխատում էինք ճգնաժամային պայմաններում՝ համավարակի ազդեցությունը բավական մեծ էր բոլոր առումներով։ Այս պահին մեր աշխատանքներն ամբողջությամբ թելադրված են նոր իրողութամբ՝ պատերազմով, դրանք չափազանց համակարգված են կառավարության ներսում և իրականացվում են անհրաժեշտ գործառույթները», — ասաց նախարարը։