Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավարության հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է  Interfax-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», — նշել է Լը Դրիանը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ:

Լը Դրիանը հայտարարել է, որ մի քանի տարվա ընթացքում Փարիզի և Անկարայի միջև լուրջ տարաձայնություններ են եղել Թուրքիայի գործողությունների պատճառով: «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Եվրոպայի անմիջական հարևանությամբ, մասնավորապես՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում և Իրաքի հյուսիսում: Այժմ նոր գործոն է հայտնվել։ Վերջին օրերին Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին Էրդողանի հայտարարությունների տոնը փոխվել է: Էրդողանը պարբերաբար ատելությամբ ու բռնությամբ լի հայտարարություններ է անում, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին», — ասել է Լե Դրիանը ՝ հավելելով, որ Փարիզը պահանջում է, որ Թուրքիան հրաժարվի նման վարքագծից:

Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան: