Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պայքարում է իսլամիստական ծայրահեղականության, այլ ոչ թե իսլամի դեմ՝ հակադարձելով Financial Times-ի հոդվածին, որը, ինչպես պնդել է Ֆրանսիայի նախագահը, սխալ է մեկնաբանել իր խոսքերը։

Նախօրեին հրապարակված նամակում Մակրոնը հայտարարել է, որ բրիտանական թերթն իրեն մեղադրել է «նախընտրական նպատակներով ֆրանսիացի մահմեդականներին անարգելու և նրանց նկատմամբ կասկածամտության մթնոլորտ ստեղծելու համար»։

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մուսուլմանների նկատմամբ ռասիզմը»,- գրել է նա:

2015-ից ի վեր Ֆրանսիայում իսլամական ահաբեկչական հարձակումների ալիքի մասին խոսելիս Մակրոնը նկատել է, որ Ֆրանսիայում «ծայրահեղականության համար դեռևս նպաստավոր միջավայր կա»։

«Որոշ շրջաններում և համացանցում արմատական իսլամի հետ կապված խմբերը մեր երեխաներին Հանրապետության նկատմամբ ատելություն են սովորեցնում՝ կոչ անելով անտեսել իրենց երկրի օրենքները: Ահա թե ինչի դեմ է պայքարում Ֆրանսիան՝ ատելության և մահվան, որը սպառնում է իր երեխաներին, բայց ոչ երբեք իսլամի։ Մենք դեմ ենք խաբեությանը, մոլեռանդությանը, բռնի ծայրահեղականությանը, այլ ոչ թե կրոնին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ Financial Times-ի թղթակցի կողմից հրապարակված հոդվածում ասվում էր, որ Մակրոնի կողմից «իսլամական անջատողականության» դատապարտումը կարող է «թշնամական միջավայր» ստեղծել ֆրանսիացի մահմեդականների համար:

Ավելի ուշ հոդվածը հեռացվել է թերթի կայքից՝ պատճառաբանությամբ, որ այն պարունակել է «թյուր տեղեկություններ»։