Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում ու այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիր», — ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ։

«Օրվա ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը հյուսիսում ՝ Կարմիր Շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով նվազագույն քանակի զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ», — ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մեձակա տարածքների դիվերսիոն խմբերին, Հովհաննիսյանն ասաց, թե վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի դիմադրությանը ՝ երկարատև մարտի չեն բռնվում:

«Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել ու ոչնչացնել, կորուստներ կրելով՝ շպրտել:

Ադրբեջանի նախագահն ասում է, թե այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց՝ ինչպե՞ս է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք: Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են», -ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են ու, այսօր գիշեր էլ, նրա խոսքով, մարտերը կլինեն այնպիսին, ինչպիսին երեկ էր։