Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդ, հայտնում է dw.com կայքը՝ հղում տալով Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի հայտարարաությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները «միգրացիոն ծագում» ունեն, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Նրանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու գործով քննություն է իրականացվում։

Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Փյուրսթելը հավելել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդնիայի քաղաքացիություն ունեցողներ։

Հիշեցնենք, ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 23-ը վիրավորում են ստացել։ Հրացանով զինված չարագործը Վիեննայի կենտրոնական հատվածում վեց անգամ կրակել է տարբեր վայրերի վրա, այդ թվում՝ սինագոգի։

Հայտնի է, որ ահաբեկչությունը իրականացրել է Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա երիտասարդ, որն ունեցել է ավստրիական և մակեդոնական անձնագիր։ Նախկինում նա Սիրիա մեկնելու և«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձ է կատարել, սակայն ձերբակալվել է։  Հանցագործը գործել է միայնակ, ավելի ուշ ոստիկանությունը գնդակահարել է նրան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:

Հրաձգությունը տեղի Է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն: