Սլովակիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը իրականացնում է «Մաքրում» գործողությունը՝ կապված իրավապահ մարմինների շարքերում հանցագործությունների հետաքննության հետ: Այս մասին հայտարարել է սլովակյան TA3 հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի դատախազության հատուկ վարչության մամուլի քարտուղար Յանա Տյուկյուլիովին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Մաքրում» գործողության ընթացքում զգալի թվով մարդիկ բերման են ենթարկվել հանցագործությունների համար, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծումն ու աջակցությունը, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելը,- ասել է նա,- Այդ անձանց նկատմամբ համապատասխան մեղադրանքներ են առաջադրվել»:

Դատախազության ներկայացուցիչը այլ մանրամասներ չի հաղորդել: Մինչդեռ, ըստ հեռուստաալիքի, գործողությունը տեղի է ունենում Սլովակիայի ողջ տարածքում: Դրա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել, մասնավորապես, ոստիկանության նախկին նախագահ Տիբոր Գաշպարին եւ Քրեական գործերի ազգային գործակալության նախկին ղեկավար Պետեր Գրաշկին:

Նիտրա քաղաքում (Արեւմտյան Սլովակիա) ձերբակալված Գաշպարի առանձնատանը խուզարկություն է իրականացվում: Այս փաստը հաստատել է հանրապետական ոստիկանության նախկին նախագահի փաստաբան Մարեկ Պարան:

Խուզարկություններ են տեղի ունենում նաեւ ոստիկանության վերջերս թոշակի անցած բարձրաստիճան այլ աշխատակիցների տներում: Հարցաքննության համար քննիչների մոտ է բերվել հակակոռուպցիոն հատուկ վարչության նախկին պետ Ռոբերտ Կրայմերը:

«Մաքրում» գործողությունը, ըստ հեռուստաալիքի, կապված է հանցագործություններում, այդ թվում՝ կոռուպցիայի մեջ, բարձրաստիճան իրավապահ մարմինների աշխատակիցների ներգրավման մասին հետաքննությանը հասանելի տեղեկատվության հետ: Կասկածյալներից շատերը պաշտոններից հեռացվել են 2018-ի փետրվարի 21-ին Սլովակիայի հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունից հետո: Նա բացահայտել էր ուժային կառույցներում առկա կոռուպցիոն սխեմաները, ինչը հանգեցրեց հանրապետության սոցիալական եւ քաղաքական ճգնաժամի եւ Սլովակիայի վարչապետի պաշտոնից Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականին: