Շատ էական հարց է մեզ համար՝ զսպելու Թուրքիայի այն ագրեսիվ եւ ապակայունացնող քաղաքականությունը, որն արտահայտվել է նաեւ մեր տարածաշրջնում եւ արտահայտվել է անմիջապես մեր դեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք միջազգային հանրության մեջ կա գիտակցումը, որ պետք է Թուրքիայի դեմ գործողություններ արվեն, քանի որ նա է վիժեցնում գործընթացը:

«Այդ առումով մենք շարունակելու ենք աշխատել շահագրգիռ մեր բոլոր գործընկերների հետ, որոնց անհանգստացնում է այս իրողությունը, որը խիստ ապակայունացնող է եւ անմիջապես զգացվում է մեր տարածշրջանում եւ արտահայտվում է մեր հանդեպ ագրեսիայով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ահաբեկիչների ներգրավմանը Արցախի դեմ ագրեսիայում, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Այդ թեման առավել սուր է եւ իրողություն դարձավ մեր տարածաշրջանում: Այդ առումով նույնպես պայքարելով դաշտում այդ երեւույթի դեմ, մենք շարունակելու ենք աշխատել  նաեւ միջազգային համագործակցության միջոցով: Դա արդեն տեղի է ունենում»: