Հիշեցնեմ, որ երեք անգամ երեք համանախագահ երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու առումով. երեք անգամ նրանք լրջագույն ջանքեր են ներդրել, երեք անգամ  Հայաստանը լրջագույնս ներգրավվել է եւ ապահովել է դրա համաձայնեցումը, եւ երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի –ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այդպես էլ հրադադար չի հաստատվում:

«Որովհետեւ երեք անգամ հավանաբար Ադրբեջանը նաեւ ուղղորդվել է այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից: Երեք անգամ մենք ունենք իրավիճակ, երբ անկարող է Ադրբեջանը լինել պատասխանատու եւ լինել հետեւողական իր համաձայնություն իրականացնելու համար: Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինանդադար ամրագրելու ուղղությամբ: Եվ ոչ միայնակ, այլ նաեւ համանախագահների հետ միասին:Հիմքում դրված են այն 4 կետերը, որոնք արտահայտված են հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ: Դրանք վերահաստատվել են նաեւ մյուս հանդիպումների ժամանակ: Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ինչո՞վ է բացատրում այն, որ իրենք չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Կարեւոր հարցերից մեկն այստեղ վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել այդ գործառույթը: Այդ առումով նույնպես այսօր աշխատանքներ կատարվում են, եւ մեզ անհրաժեշտ է դրան հասնել: Այդ առումով համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը մնում է շատ կարեւոր:

Դա այսօրվա մեր գերակա հարցերից մեկն է: Չեմ կարող ասել, որ հիմա հասել ենք դրան, բայց սա է հենց կարեւորագույն հարցը, որ կարողանանք իրականացնել հոկտեմբերի 10-ի մեր ընդհանուր հայտարարության առաջին 2 կետը»: