SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։

Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, սուր ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիգորյանը և քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, ավագ քննիչ Վահե Զոհրաբյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Դավթյանն է։

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի Հ. Սմբատյան գյուղի տներից մեկի հյուրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Դավթյանի և Այգավան գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Ռազմիկ Գասպարյանի, 30-ամյա Ռոման Գասպարյանի միջև, որի ժամանակ էլ Ռ. Գասպարյանը դեռևս չպարզված հրազենից կրակել է Ա. Դավթյանի վրա, ով ստացել է նշված վնասվածքը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 1 պարկուճ և 1 կրակված գնդակ։

Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռազմիկ և Ռոման Գասպարյաններին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվողները երկվորյակ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: