Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» խմբակցության ներկայացուցիչ Իլյա Կիվան հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գործողությունները կարող են բերել նրան իմպիչմենտ հայտարարելուն: Քաղաքական գործչի ելույթի մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է կուսակցության կայքում:

«Մեր երկրում իշխանությունը փլուզվել է: Նախագահ Զելենսկին սահմանադրության երաշխավորն է, և եթե երաշխավորը պատրաստ է ոտքերը մաքրել այդ սահմանադրության վրա ի շահ երրորդ դեմքերի, թքել դրա վրա, հավասարեցնել գետնին, ապա օրակարգում մեկ հարց կա. նախագահին իմպիչմենտ հայտարարել` օրենքի նկատմամբ նրա հանցավոր դիրքորոշման համար: Մենք պատրաստ ենք խոսել այդ հարցի մասին»,-հայտարարել է Կիվան:

Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարն ինքն է բացատրել իր գործողությունները արտաքին ուժերի `G7-ի դեսպանների և գործընկերների շահերով, որոնք խոստանում են օգնել երկրին: Կիվան կասկածի տակ է դրել դրա օգուտները և նշել է, որ սա Ուկրաինայի «արտաքին կառավարման հերթական հաստատումն է»:

Ավելի վաղ երկրի սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել Ուկրաինայում գործող մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմում որոշումը բնորոշվել է որպես անօրինական և  երկրի շահերին հակասող, ինչից հետո կառավարությունը հրամայել է շարունակել գործողոթյունները՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Դրանից հետո Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի լիազորությունները դադարեցնելու մասին օրենքի նախագիծ և առաջարկել է, որ Ռադան անվավեր ճանաչի Ուկրաինայի Սահմանադրական դատարանի՝ հակակոռուպցիոն մի շարք նորմեր վերացնելու մասին որոշումը: Սահմանադրական դատարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ նախագահի նախաձեռնությունը սահմանադրական հեղաշրջման նախանշաններ է պարունակում: