Կից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակ են հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին::

Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Պարոն Նախագահ,

Մենք՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտներս, կրթվել ենք Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ հայերը բախվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած աննախադեպ ագրեսիայի: Սույն հարձակումը տեղի է ունենում Covid-19 համավարակի համատեքստում, մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր արել աշխարհում համընհանուր զինադադար հաստատել: Այս պատերազմն ուղեկցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով. ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական հաստատություններ, մասնավորապես դպրոցներ ու հիվանդանոցներ, միեւնույն ժամանակ օգտագործելով միջազգային օրենքով արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային եւ ֆոսֆորային զինամթերք: Սույն պատերազմը հղի է ժողովրդագրական, տնտեսական եւ առողջապահական ճգնաժամի, ինչպես նաեւ զանգվածային արտագաղթի հետեւանքներով :

Մինչ օրս մեր 1177 հայրենակից, այդ թվում՝ ՈՒՖԱՌ-ի համայնքի չորս երիտասարդ ներկայացուցիչ, հերոսաբար ընկել են մարտական գործողություններում: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա քառասունվեց զոհ եւ հարյուր քառասունմեկ վիրավոր: Վերոգրյալ աղետալի թվերին ավելանում են նաեւ Ղարաբաղի ավելի քան յոթանասուն դպրոցական հաստատությունների ռմբակոծության արդյունքում ներկայումս կրթության իրավունքից զրկված քսանչորս հազար երեխաները:

Պարոն Նախագահ, դուք առաջին օտարերկրյա ղեկավարն եք, ով դատապարտեց այս հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների ներգրավվածությունը եւ մատնանշեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից կատարած առաջին հարվածների անհիմն լինելը: Օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում փաստերի վրա հիմնված այս ճշմարտությունները բարձրաձայնելու համար: Հիրավի, Հայաստանի եւ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը մտադրություն չուներ պատերազմելու եւ ամենեւին չի ցանկանում այն շարունակել:

Մենք միայն մեկ բան ենք ցանկանում` խաղաղ ապրել եւ արարել մեր նախնիների հողում: Ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ ձեռք բերված երեք զինադադարները խախտած ագրեսորը մերժում է ցանկացած խաղաղ կարգավորում, եւ իր հարձակումները համատեղում է հայերի հանդեպ ատելության կոչերով:

1915 թ.-ին, երբ սարսափելի հանցագործություն կատարվեց մեր ժողովրդի դեմ, Ֆրանսիան հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Մենք չենք մոռանում ֆրանսիական նավատորմի կողմից Մուսա լեռան վրա հիսուներեք օր հանգրվանած 4092 հայերի փրկությունը: Մենք չենք մոռանում նաեւ, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Ֆրանսիան Շառլ Ազնավուրի հետ միասին մոբիլիզացվեց` օգնության ձեռք մեկնելու աղետի գոտու բնակչությանը: Այս բոլոր դրվագները նշանավորեցին մեր երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը եւ, կարծում ենք, որ այժմ հայ-ֆրանսիական բարեկամության նոր էջ է գրվում: Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները եւ Ֆրանսիայի հայերն արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժած բնակչությանը, եւ մամուլում հայտարարվել է կառավարության կողմից նախապատրաստվող օգնության մասին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մոբիլիզացված են այս կարեւոր աշխատանքի համար:

Հաստատապես հավատում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների այն արժեքներին, որոնք պաշտպանում է Ֆրանսիան եւ որոնք մեզ ուսուցանել են UFAR- ում: Այսժամ միջազգային հանրությունից եւ, մասնավորապես, Ֆրանսիայից ակնկալում ենք, որ արվի ամենը, որպեսզի այդ արժեքները կրկին չոտնահարվեն:

ՈՒՖԱՌ շրջանավարտների համայնքը խնդրում է Ձեզ

—              օգտագործել Ձեր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին եւ Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար;

—              հետեւել, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները: Այդ թվում խախտումներ, որոնք սակայն չեն սահմանափակվում, ռազմագերիների խոշտանգումներով եւ սպանություններով, զոհված զինվորների ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով, քաղաքացիական թիրախների` մասնավորապես դպրոցների ու հիվանդանոցների զանգվածային ռմբակոծություններով, արգելված զինամթերքի օգտագործմամբ;

—              դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք:

Վերջում, պարոն Նախագահ, ցանկանում ենք հայտնել Ձեզ մեր խորին ցավակցությունը Ֆրանսիան պատուհասած ահաբեկչությունների կապակցությամբ: Մտքերով մենք զոհերի հարազատների եւ մեր սիրելի Ֆրանսիայի ժողովրդի հետ են:

Վստահ լինելով ձեր հանձնառության մեջ՝ խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր հարգանաց հավաստիքը։