Այն բոլոր դիվերսանտները, վարձկանները, որոնք ձգտում են դեպի նոյեմբերի 9-ի ձևական հաղթական ինչ-որ ցուցադրության, որ որոշակի տեղերում ներկայացնեն ադրբեջանական դրոշն ու ոգին բարձրացնեն, դատապարտված են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա հատուկ Ալիևի մտահղացումն է, թե Էրդողանի, բայց մի բան պարզ է՝ չեն հաջողելու, որովհետև Շուշիի ու հարակից բնակավայրերի բնակիչները, զենքը ձեռքներին, պաշտպանում են իրենց բնակավայրերը», — ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ որոշ տեղերում մարտերը շարունակվում են ու շարունակվելու են։

«Բայց իրավիճակն օրհասական չէ, կան դժվարություններ, բայց «գյոռբագյոռ» օպերացիան շարունակվելու է ու այդ ձորակները, անտառները, որտեղ նրանք հաճախ փախնում են ու պահ են մտնում, իրենց համար դառնալու է դժոխք», — ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ քիչ առաջ ստացել է տեղեկություն, որ հակառակորդի՝ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է։

«Կորուստներ են կրել, ոմանք հասցրել են փախնել, ոմանք էլ ոչնչացված են», — ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր որոշ դիվերսանտներ ու վարձկաններ փորձել են ժայռեր մագլցել, բայց ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով։