Արցախի սուբյեկտայնության հարցը մեզ համար նոր հարց չէ, բայց այսօրվա իրողությունները, իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ իրողություն, որ դա մշտապես եղել է գերակայություն:

Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու: Սա առավել ընդգծված է այսօր, սա առավել ընդգծում է մեր՝ ոչ թե արտաքին քաղաքականության, այլ համազգային նպատակը: Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ նա գտնվի, կարող է համակերպվել որևէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր պահապանն են մեր ինքնության ամրության, կարող են ենթարկվել վնասի»,- ասաց նա և նշեց, որ մեր համազգային ռեսուրսը ուղղված է դրան:

«Մենք սկզբունքորեն հիմնական մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք անմիջապես՝ բոլոր մակարդակներով՝ ամենաբարձրից սկսած և որևէ դեֆիցիտ չունենք աշխատելու»,- ասաց նա և նշեց, որ նույնիսկ ինքը կարող է ասել, որ գուցե հնարավոր էր ինչ–որ բան մի քիչ ավելի դանդաղ անել, կամ արագ, բայց վստահեցրեց, որ նպատակից երբեք չեն շեղվել:

«Ես հստակ կարող եմ ասել, որ Կառավարության քաղաքականությունը եղել է շատ հետևողական և կայուն»,- ասաց նա և նշեց, որ սահմանափակված չեն իրենց շփումների մեջ ցանկացած մակարդակում: