ԱՄՆ-ում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը քննադատել է ԱՄՆ նախագահ եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Կազմակերպության հայտարարությամբ հրապարակայնորեն պնդելով ընտրություններում խախտումների մասին՝ նա սասանում է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը, հայտնում է «Կոմերսանտը»։

«Պարբերական խախտումների վերաբերյալ ոչ մի բանով չհիմնավորված կասկածները, հատկապես գործող նախագահի կողմից եւ արված քվեարկությունից հետո գիշերը, սասանում են ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հանրության վստահությունը»,- ասել է ԱՄՆ-ում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը։ Կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշել է, որ պարոն Թրամփն իր ծառայողական հնարավորություններն օգտագործել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։

ԵԱՀԿ հայտարարությամբ ԱՄՆ-ում քվեարկության ժամանակ խախտումների ապացույցներ չկան, իսկ նախօրեին անցկացված քվեարկությունը մրցակցային էր եւ լավ կազմակերպված։ ԱՄՆ-ում ԵԱՀԿ առաքելությունը կոչ է արել շարունակել ձայների հաշվարկը․ Թրամփի շտաբն ավելի վաղ մի քանի հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով այն դադարեցնել կուսակցական դիտորդների աշխատելու ժամանակ հնարավոր խախտումների պատճառով։