Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի առաջարկում։ Այս մասին նա ասել է իսպանական EFE-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանը կոնկրետ ոչինչ չի ասում, միայն ինքնորոշման մասին։ Սակայն ինքնորոշումն իրենց կողմից փոխզիջում չէ»,- հայտարարել է Ալիևը։ +

Նա ասել է, թե սա է պատճառը, որ Բաքուն ակտիվ բախումների առաջին օրից սկսել է պահանջել հայկական կողմից ներկայացնել «Ղարաբաղից ու հարակից շրջաններից զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց»։ «Հնարավոր է՝ այդ դեպքում պատերազմը կավարտվեր մեկ ամիս առաջ»,- հավելել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում․ «Վերջին երկու տարում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ ու անիմաստ են եղել՝ բացի առաջին հանդիպումներից»։