Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար առավել նախընտրելի կլինի, եթե Դոնալդ Թարմփը վերընտրվի նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հարց, որն ինձ հետաքրքրում է․ Ֆրանսիայի, նրա շահերի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի՞ վերընտրումը, թե՞ Ջո Բայդենի հաղթանակը։ Կարծում եմ՝ Ֆրանսիայի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի ընտրվելը, քանի որ Թրամփ ասելով՝ հասկանում ենք ազգերի վերադարձ, վայրի գլոբալիազացիայի դադարեցում, կարգավորումների թուլացում, սահմանների վերացում, որը, կարծում եմ, վնասում է ազգերին»,- նշել է նա CNews հեռուստաալիքի եթերում։

Լե Պենը նշել է, որ խոսքը ինչպես պետությունների ֆիզիկական սահմանների, այնպես էլ առևտրային սահմանների վերացման մասին է։  Ըստ պաշտոնյայի՝ սահմանների ֆիզիկական վերացումը խչընդոտում է միգրացիայի դեմ պայքարին, իսկ առևտրային սահմանների վերացումն անհնարին է դարձնում  անարդար մրցակցության դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Մինչև այժմ հայտնի է, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն: