Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում ընտրությունների ելքը դեռևս հայտնի չէ, գործող նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Միանգամայն պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին (փոխնախագահի թեկնածու) ընտրել է ևս չորս տարով։ Որքան շատ են ԶԼՄ-ները ձգձգում ու մերժում փաստերը, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը։ Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ ամբողջ տարածքում գերազանց արդյունքների կապակցությամբ», — Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը:

Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որը կարող է ևս մի քանի օր տևել։

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն: