Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 28 244-ով: Միևնույն ժամանակ երեքշաբթի երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ավելի քան 182 000 թեստավորում է կատարվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, կորոնավիրուսային հիվանդության բարդացումներով պայմանավորված՝ 353 մարդ է մահացել վերջին մեկ օրում, որը մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Մահացության մակարդակը մասնագետները բացատրում են վարակակիրների թվի աճով: Այնուամենայնիվ, տոկոսային հարաբերակցությամբ մահացության մակարդակն այժմ ավելի ցածր է, քան գարնանը:

Իտալիայում համաճարակի սկզբից ի վեր արձանագրվել է վարակման 759 829 դեպք, որոնցից 39 412-ը մահացել են: Ապաքինվել է 302 հազար մարդ:

Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի վարչապետը հայտնել էր երկրում նոր սահմանափակումների հաստատման մասին՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման տեմպերով: