Թուրքիայի ղեկավարության նկատմամբ գթաստրությունը «ռազմավարական ռիսկ է ստեղծում եվրոպական կառավարությունների համար»: Այս մասին Carnegie Europe-ի համար իր հոդվածում գրում է Մարկ Պիերինին:

«Գործ ունենալով Թուրքիայի հետ վերջին տարիներին՝ եվրոպական կառավարությունները հաճախ տատանվում են՝ հակազդել Անկարայի թշնամությանը, թե՞ բաց լինել երկխոսության համար: Այժմ կասկած չկա, որ Թուրքիայի ընտրած քաղաքականությունը հակասում է ԵՄ շահերին եւ արժեքներին տարբեր պատճառներով:

Պարբերաբար խախտվում է օրենքի գերակայությունը: Անհեթեթ տնտեսական քաղաքականությունը թուլացնում է գործընկեր երկրին եւ սպառնալիքի տակ դնում եվրոպական ներդրումների ծավալը: Իր հարեւանների հետ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են, իսկ երկխոսությանն ուղղված ԵՄ-ի կոչերն անտեսված են մնում:

Դեպի Կիպրոսի հարցով համապարփակ համաձայնագիր ճանապարհը փակ է եղել Թուրքիայի նախագահի կողմից, ով հայտարարել է, որ աջակցում է 1974 թվականից կիսված կղզում երկու պետությունների ստեղծման մասին որոշմանը:

Ներքին քաղաքականությունը ռազմականացված է եւ անկանխատեսելի: Լիբիայում միջամտությունը ռիսկեր է ստեղծում եվրոպական շահերի համար եւ կարող է ապակայունացնել Սախելի երկրները:

Ի հավելումն դրան՝ իբր իսլամաֆոբ Եվրոպայի դեմ մշտական նարատիվները չափազանց երկիմաստ են եւ դիտարկվում են ոչ թե ինչ-որ կրոնական նկատառումներով, այլ որպես քաղաքական գործիք: Օրինակ, Թուրքիայում երկար տարիներ զանգվածային արշավ էր իրականացվում ույգուրների՝ արեւմտյան Չինաստանում մուսուլմանական փոքրամասնության նկատմամբ Պեկինի ճնշումների դեմ: Թուրքիան մոռացավ Չինաստանի մասին, երբ խաղաքարտի վրա դրվեց չինական օգնության միլիարդավոր դոլարներ:

Եվրոպացի առաջնորդներն արթնացան: Թուրքիայի նախագահին հանգստացնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին:

Եվրոպական քաղաքական շրջանակներում շատերը կարծում են, որ 2023 թվականին Թուրքիայի օրենսդիր մարմիններում ընտրությունների եւ նախագահական ընտրությունների նախաշեմին եւ, հավանաբար, դրանից հետո կպահպանվի ոչ բարենպաստ դիրքորոշում: Եվրոպայի նկատմամբ թշնամությունը կարելի է բացատրել ներքին քաղաքական եւ տնտեսական խոչընդոտներով, ինչպես նաեւ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Ազգայնական շարժում կուսակցության միջեւ տարաձայնություններով:

Սակայն եւս մեկ դրդապատճառ է Թուրքիայի պատրաստակամությունը հեռանալ Արեւմուտքից, երբ խաղաքարտի վրա դրված են իր ազգային շահերը:

Վերջին շրջանում դա հանգեցրեց բազմաթիվ հակասությունների. ռուսական Ս-400 հրթիռների տեղակայում եւ փորձարկում, Հունաստանի հետ ծովային սահմանների վիճարկում, Լեհաստանի եւ Բալթյան երկրների պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի քաղաքականության արգելափակում, «Ծովային պահակախումբ» ՆԱՏՕ-ի օպերացիայի խոչընդոտում:

Չնայած կառուցողական երկխոսության նկատմամբ հակվածությանը՝ Եվրոպական խորհուրդն այլեւս չի կարող գթասրտություն ցուցաբերել Անկարայի հետ հարաբերություններում: Սակայն կասկած չկա, որ ԵՄ որոշ երկրների ղեկավարություններ կշարունակեն պահպանել Թուրքիայի նկատմամբ բարիդրացիական մոտեցումը՝ լինի դա սկզբունքային նկատառումներով, թե զուտ տնտեսական շահերից ելնելով:

Մյուսները կնախընտրեն ավելի մկանուտ մոտեցում: Անկարան մինչ այժմ գործադրել է բոլոր ջանքերը՝ եվրոպական կառավարությունները պառակտելու համար, եւ չափազանց ագրեսիվ տոն է ընտրել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Նիդերլանդների նկատմամբ:

Չնայած դժվարություններին՝ ԵՄ գործողությունների մենյուն պետք է ներառի հետեւյալ 7 ոլորտները՝

Արեւելյան Միջերկրական ծովում ծովային սահմաններ՝ ուղիղ բանակցություններ Անկարայի եւ Աթենքի միջեւ:

Տնտեսություն՝ տնտեսական քաղաքականության հարցով խորհրդակցություններ:

Փախստականներ՝ հստակ առաջարկ Թուրքիայում սիրիացի փախստականների աջակցության հարցով:

Արտաքին քաղաքականություն՝ կոնկրետ աջակցություն Լիբիայում խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ աշխատանք Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Ռազմական ոլորտ՝ ԵՄ-ի շահերի դեմ թուրքական ռազմական ակտիվները հաշվի առնելով՝ երկակի նշանակության արտադրական ապրանքների, ինչպես նաեւ ինժեներական եւ հետազոտական նախագծերի արտահանման վերանայում:

Օրենքի գերակայություն՝ Թուրքիայում օրենքի գերակայության սիստեմատիկ դեմոնտաժի քննարկում, պատժամիջոցների սահմանում անձանց նկատմամբ, ովքեր ակտիվորեն նպաստում են օրենքի գերակայության խոչընդոտմանը:

Մեթոդներ՝ վճռականորեն դատապարտում եւ պատժամիջոցների սահմանում անձանց նկատմամբ, ովքեր ատելություն են հրահրում, արշավների կազմակերպում ապատեղեկատվության դեմ, հակազդեցություն իսլամաֆոբիայի նարատիվին:

Աչք փակել այն բանի վրա, թե ինչ է անում Թուրքիայի ղեկավարությունը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ, ռազմավարական ռիսկեր է ստեղծում եվրոպական կառավարությունների համար: Գթասրտությունն այլեւս տարբերակ չէ»: