Պարզ, լուսավոր, ժպտերես ու բարի։ Զոհված զինծառայող Արթուր Անտոնյանի մասին խոսելիս ընկերներն առաջինն այս բնութագիրն են տալիս։ 23 -ամյա Արթուրը ընտանիքի կրտսերն էր, ուներ ավագ եղբայր ու քույր։ Ծնվել և մեծացել է Ավանում։ Irakanum.am-ի հետ զրույցում Արթուրի ընկերներից Մակար Խաչատրյանը նշեց, որ Արթուր Անտոնյանը բանակ զորակոչվել է բարձրագույն կրթությունը ստանալուց հետո։ «Սովորել է Եվրոպական ակադեմիայի «Տուրիզմի և սերվիսի» ֆակուլտետում։ Ավարտելուց հետո գնացել է ծառայության»։


Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի հենց առաջին օրը Արթուր Անտոնյանը ծառայակից ընկերներից հետ մեկնել է առաջնագիծ։ «Ինքը շատ-շատ լուսավոր մարդ էր․․ չկա երեւի մեկը, ով իրեն չի սիրում, իրոք լուսավոր, միշտ ժպիտը դեմքին, բարի, կամեցող, շատ լավ մարդ էր»,- պատմեց Մակար Խաչատրյանը։ Պատերազմի օրերին Արթուրը հեռուստատեսությամբ առաջնագծից հարցազրույց է տվել, ասել է՝ ազգը պետք է իմանա, ամեն ինչ արվում է հաղթանակը կերտելու համար։ «Ասել էր, դուք ոչ մի բանի մասին մի մտածեք, ու հանգիստ եղեք»,- ասաց ընկերը։
Պայմանավորված կապի խնդիրներով առաջնագծից ծնողներին քիչ էր զանգում, բայց ամեն անգամ խոսելիս վստահեցրել է՝ հաղթելու են։


Մի քանի ամսից զորացրվելու էր։ Սիրում էր զբաղվել նաեւ սպորտով՝ ըմբշամարտիկ էր։ «Շատ էր երազում ճամփորդել, շատ էր ուզում գնար Ամերկա ման գալու։ Սպորտի մեծ երկրպագու էր»,- ընկերոջ հիշողություններն է փոխանցում Մակար Խաչատրյանը։

Այսօր զոհված զինծառայողի հոգեհանգիստն է։ Վաղը՝ հուղարկավորությունը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։ Հայկական կողմն ունի 1177 զոհ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Փայլակ Ֆահրադյան