Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձեւ, որով  կոչ է անում ԵՄ երկրներին եւ եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու եւ կանխելու համար։ Կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։

ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ ժողովում կառույցի՝ 40 եվրոպական երկրներից լիիրավ անդամների միաձայն ընդունած բանաձեւը ներկայացրել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան։ Մինչեւ բուն քվեարկությունը, բանաձեւին սատարելու մասին հայտնել են մի շարք կառույցներ՝ Hrvatski studentski zbor (Խորվաթիա), ANOSR (Ռումինիա), HÖOK — Hallgatói Önkormányzatok Országos Konferenciája (Հունգարիա), freier zusammenschluss von studentInnenschaften (fzs) (Գերմանիա), FAGE — Fédération des Associations Générales Etudiantes (Ֆրանսիա), Študentská rada vysokých škôl (Սլովակիա), BOSS (Բելառուս):

Ստորեւ ներկայացնում ենք բանաձեւի հայերեն թարգմանությունը (անգլերեն բնօրինակը ԱՅՍՏԵՂ

«Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) հետեւել է Արցախի  Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) ընթացող պայքարին եւ պատերազմական անդադար սրացումներին զուգահեռ հայ ուսանողների խաղաղության կոչերին: 2020թ. ամռանը ԵՈւՄ-ն միացել էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային (ՀՈւԱԱ-ին)՝ տարածաշրջանում ժողովրդավարության, բարեկեցության եւ կայունության կոչ անելու  եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ-EEAS) ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) սերտ վերահսկողությամբ հանրամատչելի միջնորդության շփում ապահովելու համար: ԵՈւՄ-ն եւ ՀՈւԱԱ-ն դիմել են Եվրոպական հանձնաժողովին եւ ԵԱԳԾ-ին (EEAS) ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթության (ֆորմալ եւ ոչ ֆորմալ) ներդրմանն ուղղված ռազմավարական եւ արդյունավետ ներդրումներ իրականացնելու եւ զուգահեռաբար ուսանողների շարժունության խթանմանը նպաստելու համար: Մենք հավատում ենք, որ դա կարող է երկու երկրների ուսանողներին հնարավորություն ընձեռել սովորելու ապրել միասին ժողովրդավարական եւ բազմամշակութային հասարակության մեջ, հաղթահարել արմատավորված ատելությունն ու այլատյացությունը, գնահատել բազմազանությունն հավասարությունը, գնահատել տարբերությունները` հատկապես տարբեր հավատքի եւ էթնիկական խմբերի միջեւ, կարգավորել տարաձայնություններն ու բախումները ոչ բռնի կերպով` միմյանց իրավունքները հարգելու, ինչպես նաեւ խտրականության ու բռնության բոլոր ձեւերի դեմ պայքարելու համար:

Ավաղ, մեր կոչերը մնում են անպատասխան, եւ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք հետեւում ենք անցած տասնամյակի ամենաարյունալի պատերազմին, որը տեղի է ունենում հետխորհրդային տարածքում՝ Արցախի Հանրապետությունում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Բոլոր փաստերը ցույց են տալիս եւ ռազմական փորձագետներն էլ նշում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան շարունակվում է Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Բազմաթիվ զեկույցներ եւ հայտարարություններ, ներառյալ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից, հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝  Ադրբեջանի կողմից կռվելու համար: Հրադադարի երեք անհաջող փորձերից հետո երկու կողմերից  հազարավոր մարդիկ, ավելի քան հարյուր խաղաղ բնակիչներ եւ երեխաներ զոհվել են: Հաշվի չառնելով խաղաղ բնակիչների ներկայությանը՝ Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտը եւ շրջանի այլ քաղաքացիական բնակավայրեր բազմիցս ենթարկվել են ռմբակոծության։ Մենք կարդում ենք Human Rights Watch-ի արժանահավատ զեկույցներն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության սարսափելի անտեսման մասին, տեսնում ենք ծանր ռազմական հանցագործություններ եւ միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այս ամենի պատճառով Արցախի  բնակչության մի մասը ստիպված էր տեղափոխվել՝ թողնելով իրենց տներն ու առաջնագծում կռվող ընտանիքները: Արցախում խաղաղ բնակիչների կրթությունը, աշխատանքը եւ կյանքը միտումնավոր կերպով խաթարվում է տարածքային պահանջների ֆոնին: Եվրոպական արժեքներն ու դիվանագիտությունը չկարողացան խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը, եւ մենք այսօր քաղում ենք այս ծանր պատերազմի հետեւանքները խաղաղ բնակիչների դիտավորյալ հրթիռակոծման եւ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումների տեսքով:

ԵՈւՄ-ն վրդովված է՝ տեսնելով, թե ինչպես է այս պատերազմը խամրեցնում Հայաստանի եւ Ադրբեջանի երկու ժողովուրդների միջեւ հաշտության հնարավոր հույսը: Մենք ցնցված ենք՝ կարդալով ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները եւ լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի դեմ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով այս ատելի հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում դատապարտվել են ծանր բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Մտահոգիչ է կարդալ, թե ինչպես է այսօր Ադրբեջանի ռեժիմը սահմանափակում սոցիալական ցանցերի մուտքն իր քաղաքացիների համար եւ հետապնդում երկրում այն մի քանի երիտասարդներին, ովքեր պատերազմի ֆոնին խաղաղության կոչ են անում:

Մենք տեսել ենք խաղաղության կոչեր եվրոպական կառույցների եւ երկրների կողմից, որոնք չեզոքաբար ուղղված են երկու կողմերին, սակայն այսօր մենք փաստում ենք, որ ժողովրդավարական Եվրոպայի տեխնիկական չեզոքությունը մեծ թշնամի է խաղաղության հասնելու համար, ուստի ԵՄ-ից պահանջում ենք ապահովել հրատապ, թափանցիկ եւ իրավիճակի հավաստի մոնիտորինգ Կովկասում եւ, համապատասխանաբար, գործողություններ իրականացնել:

Այսօր մենք` ԵՈւՄ-ն եւ ներքոնշյալ ստորագրող անդամները, համերաշխությամբ կանգնում ենք  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողքին` կոչ անելով եվրոպական հաստատություններին եւ ԵՄ երկրներին հստակ քայլեր ձեռնարկել, որոնք կգործադրվեն Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ռեժիմի վրա` տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորելու համար: Մենք կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտումները եւ հարեւանների հետ միասին ապահովելու նրանց խաղաղ կյանքի, ինքնորոշման եւ խաղաղ համակեցության իրավունքը»։