Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Նիցցայում և Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ հայտարարելով, որ դրանք «վարկաբեկում են ժողովուրդների և կրոնների միջև եղբայրական համագործակցությունը», գրում է tass.ru-ն։

«Այս օրերին, երբ մենք աղոթում ենք մահացածների համար չի կարելի չհիշել ահաբեկչությունների զոհերի մասին։ Աղոթում եմ ողբերգական հանգամանքներում զոհվածների համար, հայտնում եմ իմ հոգևոր մտերմությունը նրանց հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տառապում են այդ բռնությունից, որը վարկաբեկում է կրոնների միջև եղբայրական համագործակցությունը»,- ասել է Հռոմի պապը։

Նրա խոսքերը հեռարձակվել են Vatican news պորտալի եթերում, ինչպես նաև Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված էկրաններին:

Հիշեցնենք, որ օրերս Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:

Ֆրանսիայում վերջին շաբաթներին ևս  մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել։