ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:

ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարևորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն և ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաև ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:

Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաև՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսևորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին»: