Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երեքշաբթի՝ նոյեմբերի երեքին հայտնել է Վիեննայի նահանգային ոստիկանության ղեկավար Գերհարդ Պյուրսթլը։

«Քաղաքացիական անձանց շրջանում կա երեք զոհ, չորրորդը հանցագործն է», — հայտնել է Պյուրսթլը՝ ավելի ուշ նշելով, որ զոհվել է երկու տղամարդ ու մի կին։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: