Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, գրում է ria.ru-ն։

Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում։ Բոլոր կառավարական շենքերից կիջեցվեն ազգային դրոշները, ավստրիական շրջանների ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: