Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Վարչապետը:

«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնեաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։

Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։

Քեզ հետ ենք Վիեննա«,-գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: