«Մերօրյա հերոսները». Ռուստամ Գալստյան․․․ Այս խորագրով առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով սպիտակ բանակի ապագա ներկայացուցիչներից ևս մեկին, որը զոհվել է առաջնագծում:

«Դժվար է այս պայծառ տղայի մասին խոսել անցյալ ժամանակով… Սեպտեմբերի 27-ին սկսված և արդեն ավելի քան մեկ ամիս տևողությամբ պատերազմի հետևանքով, ցավոք, զոհվեցին նաև ապագա բժիշկներ: Նրանց մի մասը զինվորական ծառայություն էր անցնում, մի մասն էլ ինքնակամ է մեկնել առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու համար:

Ռուստամ Գալստյանը մեկն է այն հերոսներից, ով հայրենիքի պաշտպանության գործում կյանքը չխնայեց: Ռուստամ Գալստյանը ծնվել է 2001 թվականին Ջերմուկում։ 2 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Երևանի թիվ 142 ավագ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է «Քվանտ» վարժարանում:

Կրթական այս հաստատությունը նրան լավագույն շրջանավարտներից է համարում: ԵՊԲՀ ուսանողը հետաքրքիր նախասիրություններ ուներ: Վաղ տարիքից սկսել է զբաղվել բիթբոքսով և այդ ասպարեզում գրանցել է լուրջ հաղթանակներ։ 2016 թվականին կայացած Հայաստանի բիթբոքսի առաջնությունում գրավել է 2-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ 2018-ին՝ 3-րդ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետում մեկ տարի սովորելուց հետո Ռուստամ Գալստյանը զորակոչվել է բանակ: «Յուրաքանչյուր զինվորի, երիտասարդի կորուստը ցավ է բոլորիս համար: Խորապես ցավում եմ և ցավակցում եմ նրանց ընտանիքներին և հարազատներին»,- ասում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը: Նա անհատապես ճանաչել է հանուն հայրենիքի կյանքը զոհած բոլոր սովորողներին:

Նշում է, որ շատ դժվար է այս լուսավոր երիտասարդների մասին խոսել անցյալ ժամանակով… ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անուշիկ Գասպարյանի խոսքով՝ Ռուստամի մասին կարելի է անվերջ խոսել:

«Նա մեր խմբի ուրախությունն էր, եզակի անհատականություն: Միասին ավարտել ենք Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսը: Նրա ծառայությունը վեց ամսով հետաձգվել էր. բանակ է գնացել առաջին կուրսն ավարտելուց հետո»,- պատմում է համակուրսեցին՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության մասին խոսելիս երիտասարդ մարտիկը հպարտությամբ ասել է, որ բանակ է գնալու և վերադառնալու է, իսկ կուրսընկերները չեն էլ հասցնի կարոտել իրեն:

«Ցավոք գնաց ու հավերժ զինվոր մնաց»,- ասում է կուրսընկերուհին: Ընկերոջ մասին խոսելը հեշտ չէ, բայց չի կարող չնշել, որ Ռուստամն իր դրական էներգետիկան է փոխանցել բոլորին: Միշտ լավ տրամադրությամբ է հաղորդակցվել մարդկանց հետ, սիրել է կատակել:

Ռուստամը նվիրված ընկեր էր և ծնողասեր զավակ, նրան հիշելու են միայն լավ ու դրական հիշողություններով:

«Ռուստամս գնաց ու Զինվոր դարձավ Ուրախ ու զվարթ օրերը անցան, Սիրտը բարի էր, աչքերը՝ ժպտուն, Տվեց իր կյանքը, անե՛ծք թշնամուն: Աստվա՛ծ, եղբորս լույսի մեջ պահի՛ր, Միայն խնդրում եմ՝ նրան լավ պահի՛ր, Սիրուն ժպիտը երբեք չկորի հավերժ զինվորիս… Ռուստամս…. Դու կաս ու կլինես հավերժ մեր սրտերում»… Բանաստեղծությունը՝ Ռուստամ Գալստյանի ֆեյսբուքյան էջից»,-նշված է Արմեն Մուրադյանի հրապարակման մեջ: