Ռուսաստանը սպառնում է ռազմական միջամտություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, եթե Ադրբեջանը հրաժարվի երկարատև խաղաղություն հաստատել: Այս սպառնալիքն ուղերձ է Թուրքիային՝ դադարեցնելու հակամարտության բորբոքումը: Նման կարծիք է հայտնել Washington Examiner-ի սյունակագիր Թոմ Ռոգանը:

Վերջինս մատնանշել է, որ հրադադարի մասին հոկտեմբերին ձեռք բերված մի քանի պայմանավորվածությունների խախտումից հետո Ռուսաստանը շաբաթ հայտարարել է, որ Հայաստանին ռազմական աջակցություն կտրամադրի, եթե հակամարտությունը տեղափոխվի Հայաստանի տարածք: Ըստ հեղինակի՝ այդ հայտարարությունն ուղղված է նաև Թուրքիային:

«Հայաստանի հանդեպ երկարամյա ատելությամբ և իսլամիստ կայսերական տերության առաջխաղացման նպատակներով առաջնորդվելով՝ Էրդողանը բորբոքում է Ադրբեջանի ռազմական ջանքերը: Մարտերի մեկնարկից ի վեր Էրդողանն Ադրբեջանին ուղղակի և անուղղակի ռազմական աջակցություն է տրամադրել, այդ թվում՝ հետախուզության, անօդաչուների, զենքի և թրքամետ գրոհայինների տեղակայման տեսքով»,- փաստում է Ռոգանը:

Նրա կարծիքով՝ Էրդողանն է ստիպել Ադրբեջանին շարունակել ռազմական բախումները՝ չնայած պայմանավորված հրադադարներին, ինչի հետևանքով «տապալվել են տեղում իրավիճակի կայունացման հնարավորությունները՝ հանգեցնելով առավել մեծ տառապանքի քաղաքացիական բնակչության շրջանում»:

Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել նաև անցյալ ամիս Սիրիայում թրքամետ ապստամբների դեմ իրականացված ռուսական ավիահարվածներին՝ նշելով, որ երկու երկրները Սիրիայում տարբեր կողմերի են աջակցում:

«Պուտինն ասում է, որ քանի դեռ Թուրքիան չի դադարել սրել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը կստիպի Էրդողանին սայթաքել: Մոսկվայի վերջին զգուշացումը Հայաստանի օգտին ռազմական միջամտության վերաբերյալ կարմիր գիծ է սահմանում Էրդողանի համար»,- նկատում է Ռոգանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։