Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս կատարած հայտարարություններից մեկին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ  նոյեմբերի 1-ին արված խոստովանությամբ Էրդողանը փաստացի հրաժարվել է միջազգային հանրությանը` իր կողմից Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին համոզելու մտքից:

Աղբյուրը նկատում է, որ թուրք զինվորականներն ու նրանց աջակցող ջիհադականները շրջափակում են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբն ու Աֆրինը և հրաժարվում են վերադարձնել այդ տարածքների ղեկավարումը Սիրիայի կառավարությանը:

2018 և 2019 թվականներին թուրք զինվորականները Սիրիայում սկսել էին «Ձիթենու ճյուղ» և Իրաքում «Ճանկ» ռազմական գործողությունները` իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Այնուամենայնիվ, այս օպերացիաների սկսվելուց ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ  ինքն «աջակցում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը», բայց միևնույն ժամանակ հրաժարվում է զորքերը դուրս բերել Սիրիայի և Իրաքի շրջափակված տարածքներից, որտեղ ընթանում էին ռազմական գործողությունները:

Նոյեմբերի 1-ին արված խոստովանության ժամանակ Էրդողանը ասել է.«Մենք նահատակներ ենք ունեցել Իդլիբում և Աֆրինում «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» օպերացիաների ժամանակ: Բայց մի մոռացեք, որ ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են»: