Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունն անվանել է բոլորի համար ընդհանուր թշնամի: Համապատասխան հայտարարությունը, որն արվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, երեքշաբթի Twitter-ում տեղադրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», — ասվում է հայտարարության մեջ:

Կանցլերը ցավակցություն է հայտնել նաև զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Մենք չենք կարող ենթարկվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության մասնատմանը», — Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը: