Բժիշկները լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է կորոնավիրուսի ոչ բնորոշ դրսևորումներից մեկը՝ կարմիր և մանուշակագույն բշտիկներ հիվանդների ձեռքերի և ոտքերի մատների վրա։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Մինչև համավարակը ոտքերի և ձեռքերի վրա նման բշտիկների առկայությունը համարվում էր ցրտահարության հետևանք։ Սակայն կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճի հետ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին գանգատվել այդ ախտանիշից նույնիսկ տարվա տաք եղանակին, ինչն անհանգստացրեց բժիշկներին։

Հետազոտողները հայտնաբերել են կորոնավիրուսով հիվանդացած 12 հազար մարդու, որոնց ձեռքերի և ոտքերի մատների վրա նման բշտիկներ են եղել։ Հիվանդները նշել են, որ կարմիր և մանուշակագույն բշտիկները կարող են ցավել, սակայն քոր չեն գալիս։ Իսկ երբ ցանն անցնում է, մաշկի վերջին շերտերը սկսում են պլոկվել։

Մաշկի նման բորբոքային ցանի և կորոնավիրուսի միջև կապը բացահայտվել է երեխաների մաշկի բիոպսիայի շնորհիվ։ Չնայած նրանց մոտ կորոնավիրուսի թեստի պատախանը բացասական է եղել, վիրուսը հայտնաբերվել է էնդոթելային բջիջներում և քրտնագեղձերում։ Ըստ մաշկաբանների՝ «քովիդային մատները» կարող են պահպանվել 15 օրվա ընթացքում՝ չնայած երբեմն մնում են նաև մինչև 130-150 օր։

Ըստ հետազոտողների՝ այս ախտանիշը կարող է առանցքային լինել վիրուսի հայտնաբերման համար, հատկապես նրանց մոտ, ով COVID-19-ը տանում է առանց ախտանիշների։