ՀՀ գլխավոր դատախազությունը նոր փաստական տվյալներ է ներկայացրել Ադրբեջանական բանակում սիրիացի վարձկանների առկայության և Արցախի հայության դեմ ահաբեկչական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասված է հետևյալը.

«Ինչպես արդեն տեղեկացվել է, 2020թ. նոյեմբերի 1-ին ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված  ռազմական գործողություններին մասնակցող Սիրիայի Արաբական Հանրապետության երկրորդ քաղաքացին՝ Իդլիբ նահանգի Զիադիա գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջին: Վերջինս 2020թ. նոյեմբերի 2-ին ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով, և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով:

Քրեական համապատասխան գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել Ադրբեջանի զինված ուժերում ահաբեկչական խմբավորումների կազմում այլ երկրներից, մասնավորապես Սիրիայից հավաքագրված վարձկանների առկայության և ռազմական գործողություններին նրանց ուղակի երգրավման վերաբերյալ նոր փաստական տվյալներ:

Մասնավորապես, ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի տված ցուցմունքների՝ Աբու Ահմադ անունով անձի կողմից իր տանն իրեն առաջարկվել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ 3-ամսյա զորավարժությունների մասնակցելու նպատկով՝ յուրաքանչյուր ամիս 2000ԱՄՆ դոլար վարձատրվելու պայմանով:

Հավաքագրումը կատարվել է Սիրիայի Սարարֆին, Սահամն, Ալ Զիեդիե և այլ բնակավայրերից, հավաքագրվողներին հատուկ զգուշացվել է անձը հաստատող փաստաթուղթ, բջջային հեռախոս չվերցնելու մասին:

Նրանց տեղափոխել են Սիրիայի Բաբ Ալ Սալամ անցակետ, որը, ըստ սիրիացի վարձկանի ցուցմունքների, գտնվում է Աբու Համշայի և նրա զինյալների հսկողության ներքո: Աբու Համշայի եղբոր՝ Սեյֆի կողմից Սիրիայի տարբեր հատվածներից այնտեղ հավաքված հարյուրավոր անձանցից հավաքագրվել է 20-ից 40 տարեկան 500 հոգի, որոնց նախապես զգուշացվել է, որ Ադրբեջան մեկնելուց հետո մինչև ժամկետի ավարտը ոչ մեկին այլևս թույլ չի տրվելու վերադառնալ:

Ապա արդեն վերջնական հավաքագրված վերոնշյալ 500 հոգուն անարգել, առանց Թուրքիայի սահմանապահների կողմից անձը հաստատող փաստաթղթերն ստուգելու, անցկացրել են Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող վերոնշյալ անցակետով, նստեցրել ավտոբուսներ և թուրք զինվորականների ուղեկցությամբ տեղափոխել Թուրքիայի քաղաքացիական օդանավակայաններից մեկը, այնտեղից՝ թուրքական դրոշով օդանավով՝ մյուս քաղաքացիական օդանավակայան, որից հետո,  կրկին առանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, նստեցրել են Ադրբեջանի դրոշով քաղաքացիական ինքնաթիռ և փոխադրել Ադրբեջան՝ քաղաքացիական օդանավակայան:

Այստեղ, նրանց դիմավորել են թուրքական բանակի համազգեստով, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի զինվորականներ և կրկին առանց ժամանողների ինքնությունն ստուգելու, նրանց ավտոբուսներով տեղափոխել են զորամաս, որտեղ ևս առկա են եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ: Նշված զորամասում նրանց տվել են համարներով վզնողներ, տրամադրել բաց և մուգ կապույտ երանգներով համազգեստներ և զենք, այդ թվում՝ դանակներ:

3 օր անց վարձկաններին տեղափոխել են այլ վայր:

Ըստ ստացված տվյալների՝ վարձկանների տվյալ խմբի ղեկավարը եղել է Շեյխ Իբրահիմ անունով անձը, վերջինիս ղեկավարման ներքո նրանք տեղափոխվել են մեկ այլ զորամաս, որտեղ գտնվել են գումարի դիմաց կռվելու եկած ևս 500 սիրիացի արաբներ, ինչպես նաև թուրք և ադրբեջանցի զինվորականներ:

Զորամասում նրանց բաժանել են 10 խմբերի, որոնց կազմը և թվաքանակը որոշել է Աբու Համշան, որը հանդիսանում է նշված զորամասի և սիրիայից Ադրբեջան տեղափոխված վարձկանների հիմնական ղեկավարը:

Վերջինս, տեղեկացնելով, որ մարտեր են վարելու հայերի դեմ, հրահանգել է հարձակում գործելու դեպքում հայերից ոչ մեկին չխնայել, բոլորին «մորթել», սպանել: Նման հրահանգներ նրանք ստացել են նաև զորամասում գտնվող թուրք և ադրբեջանցի զինվորականներից: Ըստ Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիի՝ յուրաքանչյուր կտրված հայի գլխի համար իրենց խոստացել են վճարել 100 ԱՄՆ դոլար:

Տվյալ զորամասում մնալու յոթերորդ օրը վաղ առավոտյան, ժամը 4-ին, նրանք տեղափոխվել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատված, որտեղ Շեյխ Իբրահիմի կողմից հրաման են ստացել հարձակվել հարակից հայկական գյուղի վրա, գրավել այն և գլխատել այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց և զինվորականներին:

Հարձակման ժամանակ, սակայն, նրանք հայտնվել են հայկական զինված ուժերի կրակի տակ և թողնելով 15 սպանված՝ դիմել փախուստի: Գործողությունների ընթացքում նշված անձը ստացել է վիրավորում, երեք օր դաշտում մնացել այդ վիճակում, մինչև գերեվարվել է հայկական զինված ուժերի զինծառայողների կողմից:

Վերոնշյալ փաստական տվյալները, համադրված այլ ապացույցների հետ, վերահաստատում են նյութական հատուցում ստանալու դիմաց Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի Հանրապետության դեմ վարվող ռազմական գործողություններին, ինչպես նաև ազգային ատելության հողի վրա հանցագործությունների կատարմանը ներգրավվելու նպատակով Սիրիայի տարբեր բնակավայրերում վարձկանների մասսայական հավաքագրման, Թուրքիայի միջոցով և վերջինիս զինված ուժերի մասնակցությամբ նրանց Ադրբեջան փոխադրման, Ադրբեջանի զինված ուժերում ապօրինի ներգրավման և հիմնականում ահաբեկչական բնույթի գործողություններ կատարելու նպատակով ռազմական գործողություններին նրանց մասնակցության ապահովման հստակ գործող հանցավոր սխեմաների առկայությունը»: