Հազարավոր մարդիկ ստորագրել են թուրքական ապրանքները բոյկոտելու մասին ֆրանսիական խնդրագիրն՝ ի նշան բողոքի թուրքական արտաքին քաղաքականության դեմ: Երեքշաբթի առավոտյան ժամերին խնդրագիրն արդեն ավելի քան 9300 մարդ էր ստորագրել:

Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, խնդրագիրը դատապարտում է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերն ամրապնդելու համար, ինչպիսիք են օրինակ «ՀԱՄԱՍ»-ը և սիրիական ռազմական խմբավորումները:

Թուրք նախագահն, ի պատասխան ֆրանսիական բոյկոտի, կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական արտադրության իրերը:

Ֆրանսիան Թուրքիա ներկրումների համար 10-րդ խոշորագույն աղբյուրն է և 7-րդ շուկան՝ Թուրքիայի արտահանումների համար:

«Ահաբեկիչները ֆինանսավորվում են ահաբեկիչների համար բարեկամական երկրներից, ինչպիսին է Թուրքիան: Մենք կօգտագործենք մեր հզոր և արդյունավետ ոչ բռնի գործիքները՝ դադարեցնելու համար Էրդողանի ֆինանսավորումը, որպեսզի նա այլևս չկարողանա կտրել մեր գլուխները: Կոչ ենք անում չգնել Թուրքիայում արտադրված իրերը, քանի դեռ նա չի դադարել ատելություն տարածել քրիստոնյաների հանդեպ»,- ասվում է խնդրագրում: