ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ընտրությունների գիշերը Սպիտակ տանն անցկացնել՝ հետեւելով արդյունքներին: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին:

Նրա խոսքով՝ Թրամփն ու մի քանի օգնականներ ընտրությունների գիշերը «միասին Սպիտակ տանը կլինեն»:

Թրամփի նախընտրական արշավը պլանավորում էր ավանդական երեկույթ կազմակերպել Վաշինգտոնում գտնվող նրա հյուրանոցում: Բայց անցյալ շաբաթ Թրամփն ասել է, որ այլ տարբերակներ է դիտարկում, քանի որ Կոլումբիայի շրջանի կորոնավիրուսի դեմ արարողակարգերը սահմանափակում են հավաքների մասնակիցների թիվը:

Անցյալ ամիս Թրամփի քարոզարշավը հանրապետական նախագահի անունով միջոցների հանգանակության էլեկտրոնային նամակներ էր ուղարկել, որոնցում դոնորներին առաջարկվում էր «ընտրությունների գիշերվա երեկույթին միանալ Թրամփի թիմին»՝ Վաշինգտոնի նրա «սիրելի հյուրանոցում»: