2002 թվականի մարտի 10-ին ծնված 4 ամսվա ժամկետային զինծառայող Էդգար Բաղումյանը նահատակվեց՝ հանուն հայրենիքի: Էդգարը ընտանիքում միակ տղան էր, ուներ մեկ քույր. «Էդգարս շատ հարմարվող էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել: Շատ ընկերասեր էր, ամեն ինչ կաներ իր ընկերների համար: Էդգարիս բնավորությունը շատ պարզ էր, ջերմ ու սրտացավ, մեծերին շատ էր հարգում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Էլիզա Շահնազարյանը:

Էդգարը հայրենասեր էր, դեռ մանկուց ասում էր, որ պետք է զորակոչվի բանակ ու պաշտպանի իր հայրենի հողը: Նա բանակ էր զորակոչվել ամռանը՝ հուլիսին, և նրա ընկերասիրությունն ու պատասխանատվության զգացումը նկատել էր, անգամ, Էդգարի հրամանատարը. «Հրամանատարը, երբ զանգահարեց մեզ ցավակցելու՝ նշեց, որ շատ խիզախ մարտեր է ցույց տվել, ռազմի դաշտում իր ընկերներին մի րոպե անգամ չի լքել, չի լքել իրեն վստահված դաշտը, և զենքը, Էդգարը հրետանավոր էր»,- հպարտությամբ բայց և խորը ցավով նշեց Էդգարի մայրը:

Ըստ մեր զրուցակցի՝ Էդգարը երբեք չի դժգոհել և չի բողոքել իր ծառայությունից, երբ զանգահարում էր, հարցերին շատ կարճ ու կոնկրետ էր պատասխանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, միշտ ասում էր՝ լավ ենք, նորմալ է ամեն ինչ:

Համաճարակի պատճառով Էդգարի ծնողները երկար ժամանակ չեն կարողացել գնալ որդու մոտ և կարոտով սպասում էին նրա հետ հանդիպմանը:

Էդգարը շատ ուշադիր էր, անգամ, պատերազմի ժամանակ, երբ օրերով չէր զանգահարում, տանեցիներին զգուշացնում էր, որ չանհանգստանան. «Ոչ մի անգամ որևէ դժգոհություն չեմ լսել Էդգարից, որ խոսում էինք, կրակոցի ձայներ էի լսում, ասում էի՝ բալե՛ս, զգուշ էղի՛ր, ասում էր՝ նորմալ ա մա՛մ ջան, մենք արդեն սովոր ենք էս ամեն ինչին: Ասում էի՝ Էդգար ջան, երանի ես էլ գայի քեզ հետ կռվեի, պատասխանում էր՝ մա՛մ ջան, մենք էստեղ ենք, որ դուք թիկունքում լավ լինեք, չանհանգստանաք, էդքան մի մտածեք, ամեն ինչ լավա ա լինելու»,— ցավով վերհիշում է հերոսի մայրը:

Էդգարն ուներ ընկերուհի, որը, գրկելով նրա մայրիկին՝ ասում էր՝ քեզ գրկեմ՝ Էդգարից կարոտս առնեմ: Երբ Էդգարը ավարտում էր հեռախոսազրույցը մայրիկի հետ, անմիջապես զանգահարում էր իր սիրելիին: Ինչպես նշում է տիկին Էլիզան, Էդգարը միշտ բարձր տրամադրություն ուներ, անընդմեջ կատակում էր. «Հաճախ էր ասում՝ մա՛մ ջան, պատկերացնում եմ, որ գամ արձակուրդ ինչ լավ կլինի: Էդգարը շատ էր կարոտել մեզ»,- նշում է մեր զրուցակիցը:

Վերջինս նշեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 26-ին. «Առավոտյան 8:30 զանգահարեց, այնքան զգույշ էր խոսում, մտածում էր՝ մենք քնած ենք, ինքն էլ մեզ անհանգստացնում է, հարցրեցի՝ հաց կերել եք բալե՛ս, ասաց՝ մա՛մ ջան, նոր ենք քնից հելել, հեսա սուրճը խմենք, նոր հացը կուտենք, ասացի՝ լավ տղես, դե չխանգարեմ, սուրճը խմեք հետո կխոսենք, ասաց՝ լավ, մա՛մ ջան, ու էլ չզանգահարեց…»,- ասաց նա:

26-ի երեկոյան Էդգարի ընտանիքը լուր ստացավ, որ Էդգարը ձեռքից վիրավորել է, սակայն, առավոտյան պարզ դարձավ, որ վիրավորումը ոչ թե ձեռքից է եղել այլ գլխից. «Մեզ ասացին, որ ուղղաթիռով բերում են Երևան, բժիշկները Էդգարին հետազոտելուց հետո ասացին, որ հրաշքի սպասենք: Էդգարիս սիրտը իրեն երկու օր ապրեցրեց, քանի որ այն առողջ էր»,- խորը կսկիծով ասաց զինվորի մայրը:

Մայրը մեկ օր մնում է որդու մոտ և հասցնում է առնել նրա կարոտը, որն էլ այս օրերին միակ սփոփանքն է մոր. «Երեխայիս տաք ձեռքը բռնել եմ ու զգացել մարմնի ողջ ջերմությունը, զգացի նաև իմ տղայի կարոտած սիրտը: Բժիշկները, հնարավորինս ամեն ինչ անելով, մեզ ասացին, որ Էդգարի կյանքը Աստծո ձեռքերում է: Ավաղ տղայիս սիրտը բաբախեց միայն 2 օր… Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը պայքարեց իմ տղան»,- եզրափակեց հերոսի մայրը: