Այս պահին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց քաղաքացիները ծաղկեպսակ են դնում: Ցուցարարները նաև դագաղ են բերել, խունկ են ծխում, կազմակերպել են սգո արարողություն:

Ցույցին մասնակցում են նաև երեխաներ: Բոլոր ցուցարարները սևազգեստ են: Լրագրողների հետ զրույցում նրանք հայտարարեցին՝ այլևս իրենց չեն բավարարում

ՄԱԿ-ի հայտարարությունները, պահանջում են կոնկրետ գործողությունների դիմել ու նշեցին. «Մեր յուրաքանչյուր բողոքի ցույցից հետո կոնկրետ հայտարարություն էր հնչում, կամ ՄԱԿ-ի պաշտոնյաներն այցելություն էին կատարում:

Երեկ էլ հայտարարություն եղավ ռազմական հանցագործության մասին:

Բայց դա մեզ այլևս չի հուզում. պետք է գործել, այլապես այս երկրում իրենք անելիք չունեն: Այս ամենը, ինչ այսօր արվում է, ողջ հայ հասարակության պատասխանն է իրենց լռությանը: Հետայսու թող վերադաս մարմինները որոշեն այս կառույցի ճակատագիրը մեր երկրում:

Պարզ է, որ այս կառույցը վաղուց էր մեռած, և միայն նոր ենք հայտնաբերել. հիմա հիշատակի տուրք ենք մատուցում»:

Ցուցարարները վիրավորված են, որ ՄԱԿ-ը հավասարության նշան է դնում կողմերի միջև: Ըստ նրանց, երբ ՄԱԿ-ից կոչ են անում կողմերին հարգել հրադադարը, այդպիսով ծաղրում են հայկական կողմին: Ցուցարարները վստահեցրին՝ ՄԱԿ-ի այդ վերաբերմունքի հետ կապված սա ամենամեղմ պատասխանն է, որ այսօր տալիս են:

Նրանք պահանջեցին՝ թող հաշվի նստեն Հայաստանի հետ ու նշեցին. «Պետք է անհապաղ մշակեն գործողությունների ծրագիր և իրականացնեն գործողություններ, որոնք կբխեն մարդասիրական միջազգային նորմերից, իրենց սահմանած կոնվենցիաներից, որը կոնկրետ այս իրավիճակին վերջ կդնի: Մենք այլևս լռելու և խնդրելու կարգավիճակում չենք լինելու»