Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի համար իր ազատումն անակնկալ է եղել,սակայն մինչ այդ նա պաշտոնից ազատել է իր ընկերոջը, ում ինքն էր տարել ԱԱԾ։ Թե ինչն է պատճառը,առայժմ հայտնի չէ։ Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ ի թիվս այլոց սեպտեմբերի 17-ին ԱԱԾ տնօրենի խորհրդականի պաշտոնից ազատվել է Քյարամյանի դատախազ ընկերը` Հայկ Երեմյանը։ Նա տեղափոխվել էր դատախազությունից ԱԱԾ` 2020-ի հուլիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 8-ին։ 29-ամյա Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը այս տարվա մայիսի 4-ին մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա տնօրենը: Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այդ ժամանակ հիմնավորել էր  քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարում է գնդապետ Միքայել Համբարձումյանը՝ ծառայության փոխտնօրենը։

Irakanum.am