Միջազգային գործընկերների հետ համաձայնեցմամբ կուժեղացվի Ավստրիայի սահմանների վերահսկողությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարեւան երկրների հետ համաձայնեցմամբ Ավստրիան սահմանների վերահսկողությունն ուժեղացնում է Վիեննայի կենտրոնում հրաձգությունից հետո անվտանգության ամրապնդման շրջանակում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է հանրային անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրեն Ֆրանց Ռուֆը։

«Միջազգային գործընկերների հետ համաձայնեցմամբ կուժեղացվի Ավստրիայի սահմանների վերահսկողությունը»,- նշել է ՆԳՆ ներկայացուցիչը։

Երկուշաբթի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում քաղաքի 6 կետերում տեղի է ունեցել հրաձգություն, այդ թվում՝ սինագոգի մոտ։ Մահացել է 2 մարդ, 15-ը վիրավորվել է, որոնց թվում մեկ ոստիկան։ Հրաձիգներից մեկին ոստիկանները վնասազերծել են։ Ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգությունը կատարել են մի քանի լավ զինված մարդիկ։

Երկրի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը եւ կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում տեղի ունեցածը որակել են ահաբեկչական ակտ։ Բնակչությանը հանձնարարված է խուսափել հանրային վայրերից եւ տրանսպորտից, ինչպես նաեւ չտարածել հատուկ ծառայությունների աշխատանքի վերաբերյալ լուսանկարներ եւ տեսանյութեր։ Մի քանի ժամ շարունակ քաղաքում շարունակվում է հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու լայնածավալ ուժային հատուկ գործողությունը։