ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը հայտարարել է, որ իր երկրին դուր չի գալիս, որ Կիպրոսը շարունակում է թույլատրել ռուսական ռազմանավերին մտնել իր նավահանգիստներ:

«Կիպրոսը դեռ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ կանխելու ռուսական նավատորմի նավերի մուտքն իր նավահանգիստներ: Այդ քայլերն անհրաժեշտ են: Մենք ցանկանում ենք, որ Կիպրոսի Հանրապետությունը շարժվի այդ ուղղությամբ»,-  Al Masdar News-ի փոխանցմամբ՝ ասել է Քուփերը:

Վերջինս հավելել է, որ նման քայլը «կօգնի Կիպրոսին ընդլայնել իր պաշտպանության համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ»:

Աղբյուրը նշում է, որ տեղի ԶԼՄ-ները հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ բանակի տեսադաշտից անհետացել է թևավոր հրթիռներով համալրված սուզանավը, որն ամերիկյան ռազմական ուղղաթիռն ու ինքնաթիռը չեն կարողացել գտնել Սիրիայի ափերի մոտ ռուսական բանակի իրականացրած լայնածավալ զորավարժության պատճառով: