Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Ֆրանսիայում եւ Ավստրիայում իրականացված ահաբեկչական ակտերի կապակցությամբ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վճռականորեն դատապարտում ենք վերջերս իրականացված ահաբեկչական ակտերը, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Ավստրիայում, որոնց արդյունքում անմեղ մարդիկ են տուժել: Ցավակցում եմ բռնության այդ հրեշավոր ակտերի զոհերի հարազատներին եւ համերաշխություն հայտնում Ֆրանսիայի եւ Ավստրիայի ժողովուրդներին: Ահաբեկչական մեթոդներն իրենց բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով սպառնում են ողջ միջազգային հանրությանը եւ ոչ մի արդարացում չունեն:

Արցախի Հանրապետությունը, որը վաղուց է բախվել ադրբեջանական պետական ահաբեկչությանը, ներկայումս արդեն ավելի քան մեկ ամիս գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, որը Թուրքիան եւ Ադրբեջանն օգտագործում են որպես իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների եւ ռազմական խնդիրների իրականացման գործիք: Այսօր Արցախի Հանրապետությունը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջեւ, պաշտպանում է ոչ միայն իր ազատության եւ արժանապատիվ կյանքի իրավունքը, այլեւ քաղաքակիրթ աշխարհի ընդհանուր արժեքները:

Ահաբեկչությանը հակազդելը ողջ միջազգային հանրության ընդհանուր պայքարն ու պատասխանատվությունն է: Անհնար է վերջնական հաղթանակ տանել այդ համաշխարհային չարիքի հանդեպ, եթե այդ հաղթանակը չլինի միասնական եւ անբաժանելի բոլորի համար: Հենց այդ պատճառով է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ. հոկտեմբերի 6-ին քաղաքակիրթ աշխարհին կոչ արել ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում եւ ստեղծել գործուն ու արդյունավետ միջազգային հակահաբեկչական դաշինք:

Վստահ եմ, որ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ ուղղված ահաբեկչության բոլոր ձեւերի կանխարգելմանը, խափանմանը եւ ոչնչացմանը, ներառյալ՝ այն ձեւերը, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են պետությունները: Այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը պետք է դառնա միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների համակարգի կարեւորագույն տարրերից մեկը»։