Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան։ Այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դարմանենը հայտնել է, որ օրեր առաջ հանդիպել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովի հետ և առաջիկա օրերին պատրաստվում է ժամանել ՌԴ։

Ֆրանսիայի ՆԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը այն երկրների թվում է, որտեղ կան արմատականությանը հակված քաղաքացիներ՝ նշելով, որ նրանցից շատերը Ֆրանսիա են ժամանում ՌԴ մաս կազմոող Չեչնիայից:

Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնել ռուսական իշխանություններին այդ հարցում համագործակցության համար։

Խոսելով Ֆրանսիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին՝ Դարմանենը նշել է, որ «պետք չէ ուշադրություն դարձնել այն կեղծ մարգարեներին, որոնք պնդում են, թե երկրում ահաբեկչական հարձակումներ են կատարում բացառապես օտարերկրացինեը՝ նշելով, որ վերջին երեք տասնյակ ահաբեկիչներից 22-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել»։

«Ահաբեկիչները կարող են լինել մարդիկ, որոնք, ինչպես Նիցցայի դեպքում, Ֆրանսիայի տարածք են ժամանել ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բայց կան մարդիկ, որոնք արդեն երկար տարիներ գտնվում են Ֆրանսիայում, ինչպես չեչեն ահաբեկիչը, որը սպանեց ուսուցիչ Սամուել Պատիին։ Կան նաև բնիկ ֆրանսիացիներ, որոնք անցել են այլ հավատքի և սարսափելի հանցագործություններ են կատարում», — ասել է նա՝ ընդգծելով, որ ազգությունը կամ մաշկի գույնն այժմ նշանակություն չունեն, կարևոր է արմատական իսլամիստական գաղափարախոսությունը, որը, ցավոք, լայնորեն տարածվել է երկրում։